Ըստ Աստծո խոսքի, անօրենությունը շատանալու պատճառով կգա ժամանակ, երբ աշխարհում կպակասեն սերն ու բարությունը: Այդ բանը մեր օրերում ապրող սերունդը զգում է հենց իր վրա, քանի որ սառնությունն ու արհամարհանքը, թշնամությունն ու ատելությունը տարածված են ամենուր՝ թե՜ ազգերի ու պետությունների, թե՜ հարազատների ու ընտանիքի անդամների միջև:
12-րդ դարի վարդապետ Հովհաննես Երզնկացին ասում է. ՙՄեր մեղքերի պատճառով բազմաթիվ պատուհասներ են լինում աշխարհում՝ երկրի վրա սով ու ժանտախտ, գերություն (այսօր պատանդներ- Մ.Բ.) ու սպանություն, երկրաշարժ ու հրդեհ. և եթե հետ չդառնան մեղքերից, այդպիսիք պատճառ են աշխարհի կործանման, ավերման և արյունահեղության՚:
Եվ այժմ բոլոր մայրցամաքներում մոլեգնող աղետներն ու չդադարող պատերազմները, իսկ մարդկության մեջ տարածվող անբժշկելի հիվանդություններն ու համաճարակները և, ամենակարևորը, անսպասելի ու տարաժամ մահերը ապացույց են այդ գրված խոսքի:
Ու քանի որ մարդիկ դարձել են ավելի դաժանաբարո ու հաշվենկատ, քան բարի ու ողորմած, ապա մեր բոլոր նեղությունների ժամանակ լավ է և հոգեշահ է դիմել ամենայն բարու աղբյուրին՝ ամենազոր ու ամենափրկիչ Աստծուն, Որը մեր բոլորի Արարիչն ու մեզ անսահման սիրով սիրող Հայրն է:
Եվ ահա այս գրքույկը հրատարակում ենք որպես առաջին օգնություն բոլոր այն ընտանիքների համար, որոնք հավատում են Աստծո գոյությանը, Նրա ամենակարող զորությանը և ամեն տեսակ նեղությունների, հոգսերի ու հիվանդությունների ժամանակ առաջինը դիմում են Բարձրյալի օգնությանը:
Իսկ նրանք, ովքեր կասկածում են Աստծո գոյությանն ու Նրա փրկարար զորությանը, միևնույն է, թող իրենք էլ փորձեն ու համոզվեն, որ Աստված ամենակարող է ու ողորմած: Նաև այդպիսիներին հորդորում ենք նույն Աստծո խոսքով. ՙՓնտրե՜ք ու պիտի գտնեք, բախե՜ք ու պիտի բացվի ձեր առաջ, խնդրե՜ք ու պիտի տրվի ձեզ՚ (Մատթեոսի Ավետարան 7.7) :
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ Մ. Բաբաջանյան